211652_close_icon
views-count1903 դիտում article-date 19:04 20-09-2022

Մարիամ Մկրտչյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանապահ զինվորներին

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելը.

«Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանամ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր»:

Մարիամ Մկրտչյանն ասում է՝ բոլոր 11 պարտիաներն էլ հետաքրքիր են ստացվել, իսկ մրցակցությունը բավական բարդ է եղել.

«Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ՝ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ, բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել»:

Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի պատանեկան առաջնությունում ամենազգացմունքային պարտիան անցկացրել է Ադրբեջանի ներկայացուցչի դեմ սեպտեմբերի 13-ին, երբ իմացել է ՀՀ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին.

«Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»:

Մարիամ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում տարած այս հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանը պահող զինվորներին:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա հունվարին է ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում, երբ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը: Ասում է՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ փետրվարից սկսել են մարզումներն ու նախապատրաստական շրջանը.

«Բավական լուրջ աշխատանքներ ենք տարել՝ շեշտը դնելով հիմնականում սկզբնախաղերի և խաղային որակները բարելավելու վրա: Վերջին մրցաշարերում արդեն երևում էին այդ փոփոխությունները, ես կիրառում էի մեր նախապատրաստած նորույթներն ու շատ ուրախ եմ, որ ստացվեց լավ հանդես գալ»:

Հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը: Ասում է՝ պետք է շարունակի պատրաստվել և լավագույնս հանդես գալ այդ ստուգատեսում:

Նմանատիպ նյութեր