211652_close_icon
views-count3922 դիտում article-date 11:01 01-10-2022

Զախարովայի մեկնաբանությունը թաքնված սպառնալիք է պարունակում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանը պաշտոնապես՝ կառավարության նիստում, վարչապետի շուրթերով, հայտարարեց, որ մեր «դաշնակիցները» մեր երկրից ստացել են հսկայական գումարներ՝ մատակարարվելիք զենքի դիմաց, բայց չեն կատարել իրենց բիզնես պարտավորությունները, եւ մեզ զենք չեն տրամադրել: Երեկվա «հարցազրույցում» Փաշինյանը խուսափեց մանրամասնել, թե ինչ դաշնակցի մասին է խոսքը: Թերեւս ենթադրելի է, որ, ըստ նրա, մենք Ռուսաստանից բացի այլ դաշնակիցներ էլ ունենք:

Սակայն, անկախ այդ մանր խորամանկություններից, պարզ է երկու բան. նախ պետք է այդ խորհրդավոր դաշնակցից փողը հետ ուզել, երկրորդ՝ փնտրել զենք գնելու այլընտրանքային ճանապարհներ: Հուսամ՝ Հնդկաստանից ժամանակակից զինամթերք գնելու մասին լուրը քարոզչական բլեֆ չէ՝ ուղղված մեր ներքին լսարանին:

Ավելի կտրուկ քայլերի գնալը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ անելը, իմ կարծիքով, այս իրավիճակում վտանգավոր է: Որքան էլ Ռուսաստանը թուլացած լինի, այդ երկիրը, բացի ռազմական եւ տնտեսական լծակներից, ունի մեկը, որն ամենաազդեցիկն է՝ Ռուսաստանը կարող է դրդել Ադրբեջանին նոր սադրանքների, ինչը մեզ համար նշանակում է մարդկային, եւ հնարավոր է՝ տարածքային նոր կորուստներ: Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն այդ առիթով անպայման հանդես կգան մեզ սատարող հայտարարություններով, բայց դրանք կունենան զուտ բարոյական նշանակություն:

Ի դեպ, Զախարովայի մեկնաբանությունն այն մասին, թե որքան վատ հետեւանքներ կունենա Հայաստան միջազգային դիտորդների ուղարկումը, իր մեջ պարունակում է հենց այդ թաքնված սպառնալիքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր