211652_close_icon
views-count1189 դիտում article-date 21:46 07-10-2022

ԱԻՆ-ԵՄ Բնակչության պաշտպանության միջազգային համագործակցությունը կխորանա

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԵՄ Բնակչության պաշտպանության և հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության/DG-ECHO/ Բնակչության պաշտպանության միջազգային համագործակցության ղեկավար Տրիստան Սիմոնարտին:

Դավիթ Համբարյանն ընդգծել է ԱԻ նախարարության պատրաստակամությունն ընթացիկ համագործակցության զարգացման և խորացման, ինչպես նաև նոր առաջարկների և ծրագրերի քննարկման հարցում:

Ընդգծելով ԵՄ կառույցների և անդամ պետությունների հետ ԱԻ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ Դ.Համբարյանը նշել է, որ այժմ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերանայելու դեռևս 2014 թվականից Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության միասնական մեխանիզմին (UCPM) Հայաստանի անդամակցության հայտը: Այս համատեքստում անդրադառնալով նշյալ գործընթացի իրականացման հնարավորությունը ժամանակին սահմանափակող օրենսդրական դաշտում առկա բացերին Դ.Համբարյանը նշել է, որ վերջին տարիներին Քաղաքացիական պաշտպանության ոլորտում Հայաստանն իրականացնում է նաև անհրաժեշտ քայլեր աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների արձագանքման իրավական դաշտի արդիականացման և համաձայնեցման ուղղությամբ՝ Սենդայի շրջանակին և Կայուն զարգացման նպատակներին համապատասխան: Դ. Համբարյանը մասնավորապես կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ Թվինինգ ծրագիրը Շվեդիայի Թագավորության և Լիտվայի Հանրապետության հետ, ինչպես նաև չափազանց արժեքավոր PPRD East 3 ծրագիրը (Արևելյան գործընկերության երկրներում բնական և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում), որի շրջանակները նույնպես նախատեսում են Աղետների ռիսկի կառավարման ոլորտի օրենսդրության բարելավում:

Դ. Համբարյանը կարևորել է Հայաստանի ներգարվածության և ընդգրկվածության խորացումը ԵՄ ծրագրային նախաձեռնություններում, մասնավորեցնելով, որ «Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետաքրքրված է ԵՄ շրջանակներում իրականացվող գիտական, նորարարական, կրթական ծրագրերին անդամակցությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ նախարարությունն ունի Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիա, որը տարածաշրջանում միակ աղետների և ռիսկերի նվազեցման կրթական հաստատությունն է՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, ինչպես նաև տարբեր վերապատրաստման ծրագրերով», -ասել է նա:

Հանդիպման ընթացքում Տրիստան Սիմոնարտն առաջարկել է ՝ կազմակերպել և իրականացնել տեխնիկական մասնագիտական քննարկում ԵՄ Պատվիրակության և ԱԻ ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձևաչափերի հստակեցման և նոր հնարավոր ծրագրերի ներգրավման ուղղությամբ:

Դ. Համբարյանը խիստ կարևորեց այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով այս պահին իր կարողությունների ծավալները, քաղաքացիական պաշտպանության ոլորտում ցանկանում է և պատրաստ է հանդես գալ նաև օգնություն և աջակցություն առաջարկողի դերում:

«Հաշվի առնելով ԱԻ նախարարության համալիր կարողությունները, հատկապես կրթական և մասնագետների վերապատրաստման մասով համագործակցային լիարժեք դաշտի ստեղծման և գործընկերային հարաբերությունների զարգացման տեսանկյունից խիստ կարևոր է հանդես գալ ոչ միայն որպես շահառու, այլ նաև որպես օգնություն և աջակցություն առաջարկող: Այս տեսանկյունից լավագույն հիմնավորումն է 2022թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի կողմից հայկական քաղաքական որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի INSARAG չափանիշներին համապատասխան վերավորակավորում ստանալու փաստը: Հայաստանը հումանիտար առաքելության իրականացման շրջանակներում կարող է մասնակցել աղետների արձագանքման միջոցառումներին, ի դեմս իր ՔՈՓ թիմի», - հավելել է Դ. Համբարյանը:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի տրամաբանությունն արտացոլում է Հայաստանի՝ ԵՄ UCPM մեխանիզմին միանալու, փորձագիտական և ֆինանսական ներդրում ունենալու պատրաստակամությունը, ինչը կդիտարկվի իբրև կարևորագույն ազդակ Հայաստանի թեկնածությունը դիտարկելու համար:

Տ. Սիմոնարտն իր հերթին հայտնեց, որ Բնակչության պաշտպանության և հումանիտար աջակցության գլխավոր տնօրինությունը պատրաստ է հանդես գալու միջնորդական առաքելությամբ՝ Հայաստանը երկկողմ պայմանավորվածություններով գործող ծրագրերում և նախաձեռնություններում ներգրավելու հարցում, իսկ տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ՝ ներգավել իր շրջանակի փորձագիտական ներուժը, ինչպես խորհրդատվական, այնպես էլ գործնական այցելություններով աջակցություն տրամադրելու համար, մասնավորապես՝ «Նաիրիտ» գործարանի վտանգավոր նյութերի չեզոքացման/վերացման/անվտանգ պահմանման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր