211652_close_icon
views-count1793 դիտում article-date 11:24 08-10-2022

Գոնե ինչ-որ չափով դրական արդյունք կլինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այս արձանագրումն է արվում Պրահայում կայացած Փաշինյան-Ալիեւ-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպման արդյունքներով հրապարակած հայտարարության մեջ:

Գուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է՝ Ալմա-Աթայի Հռչակագրին հղումը կատարվել է հայկական կողմի առաջարկով: Ես այդպես եմ կարծում, որովհետեւ այդ հղումը համապատասխանում է իշխանության հիմնական քարոզչական թեզին, համաձայն որի, «նախկինները» (տվյալ դեպքում՝ Տեր-Պետրոսյանը) վաղուց արդեն ամեն ինչ հանձնել-պրծել են:

Եկեք, սակայն, չզլանանք եւ բացենք այն փաստաթուղթը, որը 11 երկրների ղեկավարները ստորագրել էին 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում (Բալթյան հանրապետությունների մասին խոսք, բնականաբար, չկար, իսկ Վրաստանն այդ Հռչակագրին միացել է 1993 թվականին): Ըստ այդմ, անկախ պետությունները ձգտում են «կառուցել ժողովրդավարական իրավական պետություններ, որոնց միջեւ հարաբերությունները զարգանալու են պետական ինքնիշխանության եւ ինքնիշխան հավասարության, ինքնորոշման անօտարելի իրավունքի (ուշադրություն դարձրեք այդ կետի վրա-Ա.Ա.), իրավահավասարության եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու… փոխադարձ ճանաչման եւ հարգանքի վրա»: Եվ առանձին կետ կա՝ «ճանաչելով եւ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը»:

Համաձայնեք, մեծ տարբերություն կա, երբ 1991 թվականին տարածքային ամբողջականության մասին խոսվում է ինքնորոշման անօտարելի իրավունքի (неотъемлимое право) եւ ուժ չկիրառելու հետ զուգահեռ, իսկ 2022 թվականին նշվում է միայն տարածքային ամբողջականությունը՝ այն պարագայում, երբ մենք ունենք 120 հազար հայրենակիցներ, որոնց գլխին մահացու վտանգ է կախված: Էլ չասած, որ տարածքային ամբողջականությունը ճանաչելու թեզն առաջ է քաշվում այն դեպքում, երբ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի տարածքում, եւ հարեւան երկիրը հավակնություններ ունի, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ: 

Բայց հայտնի է, որ դիվանագիտության մեջ այսպես է՝ ինչ- որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանալու դիմաց: Ընդունենք, որ մեզ համար «փոխհատուցումը» հետեւյալն է (մեջբերում եմ նույն քառակողմ հայտարարությունից). «Հայաստանը համաձայնություն է հայտնել՝ նպաստելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։ Առաքելության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամսով»:

Արդյոք դա երաշխի՞ք է, որ այդ երկու ամսում ադրբեջանական կողմը սադրանքներ չի իրականացնի: Վստահ չեմ, եւ դրա մասին անուղղակիորեն խոսում է այն հանգամանքը, որ այդ քաղաքացիական առաքելության նկատմամբ կողմերի վերաբերմունքը տարբեր է՝ Հայաստանը նպաստում է, Ադրբեջանը համագործակցում է՝ վերապահումով: Բայց եթե հերթական զիջման գինը մեր սահմաններում հարաբերական հանգստությունն է, դա, թերեւս, ոչ փայլուն, բայց գոնե ինչ-որ չափով դրական արդյունք կլինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր