211652_close_icon
views-count4301 դիտում article-date 12:56 15-10-2022

Իրանը և ԵՄ-ն հայ-ադրբեջանական խնդրում նույն դիրքորոշումն ունեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության» գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն եւ ընդգծել, որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին: Իրանի նախագահը նախկինում արված նույնաբովանդակ հայտարարություններին այս անգամ ավելացրել է եւս 1-ը՝ հայտարարելով, որ Իրանը մերժում է որեւէ անվան տակ տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայություն։

Թեհրանը նման հայտարարություն է անում Երեւան՝ Եվրոպական միության դիտորդական խմբի ժամանման նախօրեին: Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին Երեւան են ժամանելու առաքելության ներկայացուցիչները։ «27 անդամ երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանը արձագանքելու համար։ Տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը եւ աջակցել տեղում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի կայունացմանը»,- սոցիալական ցանցի իր էջում գրել էր Կլաարը։

Առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը Հայաստանինն է եղել: Նիկոլ Փաշինյանի, Ալիեւի եւ Շառլ Միշելի՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը եւ, իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելության նման կազմի ժամանումը նոր երեւույթ է տարածաշրջանի երկրների համար, եւ պաշտոնական Թեհրանի նման արձագանքը հասկանալի է: Միջուկային ծրագրի առումով առաջընթաց չկա, մեր հարավային հարեւանը որոշակի հակադրության մեջ է ԵՄ-ի հետ եւ մտավախություն ունի, որ վերջինիս քաղաքացիական առաքելությունը կարող է փոխվել զինվորական ներկայության, ինչը, նման բարդ իրավիճակում կարող է որոշակի անհանգստության պատճառ դառնալ: Բայց այսօր խոսքը քաղաքացիական առաքելության մասին է, իսկ ռազմական բաղադրիչի գործադրումը կախված է բացառապես Ադրբեջանի վարքից:

Վերջին շրջանում Իրանն սկսել է ավելի հաճախ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամության մասին, բայց Բաքուն չի արձագանքում այդ նախաձեռնությանը: Դրան Իրանը պատասխանում է Հայաստանի հետ սահմանին հերթական լայնածավալ զորավարժություններն անցկացնելով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր