211652_close_icon
views-count1313 դիտում article-date 11:20 19-10-2022

Սթենֆորդի պրոֆեսորը և հայոց «ճիշտ մեծամասնությունը». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում էր գտնվում Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը: Իր բազմաթիվ հարցազրույցներում եւ ելույթներում նա վերլուծում էր թե՛ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը եւ թե՛ մեր՝ չափազանց բարդ խնդիրները:

Պարոն Խաչիկյանի ոչ բոլոր պնդումների հետ եմ համաձայն: Մասնավորապես, ինձ կասկածելի է թվում նրա, ինչպես եւ ամերիկացի մի շարք այլ քաղաքագետների վարկածը, թե իբր Արեւմուտքն իր քաղաքականությամբ, ըստ էության, ստիպել է Ռուսաստանին՝ հարձակվել Ուկրաինայի վրա: Ռուսաստանը, կարծում եմ, բոլոր միջոցներն ուներ խաղաղ ճանապարհով հարթելու իր հակասություններն Արեւմուտքի եւ վերջինիս փաստացի դաշնակից Ուկրաինայի հետ՝ առանց ագրեսիվ պատերազմ սկսելու:

Փոխարենը, իմ կարծիքով, ճիշտ են պրոֆեսորի հետեւյալ դիտարկումները: Առաջին. միջազգային որեւէ խաղացող այսօր լծակներ չունի պարտադրելու Ադրբեջանին՝ կարգավորել իր հակասություններն Արցախի հետ՝ որեւէ արտաքին միջնորդի մասնակցությամբ: Ադրբեջանն այդ միջնորդությունը կտրականապես մերժում է՝ համարելով դա «իր ներքին գործը»: Այնպես որ, իմ ընկալմամբ, Հայաստանի իշխանություններն ապակողմնորոշում են մեր հանրությանը՝ պնդելով, թե իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի Ադրբեջանն ու Արցախը բանակցեն ինչ-որ «բարձր հովանու» ներքո:

Երկրորդ՝ Խաչիկյանը, համոզված եմ, իրավացի է, երբ ասում է, որ ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները կամ Եվրոպան չեն կարողանա զսպել Թուրքիային, եթե վերջինս որոշի ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ: Առավել եւս դա չի կարող անել ԵՄ քաղաքացիական առաքելությունը: Անշուշտ, կլինեն շատ խիստ հայտարարություններ, բայց չի լինի ռազմական որեւէ աջակցություն:

Այդ ամենն, իհարկե, տհաճ է լսել, եւ հայաստանյան հանրությունը ներկայացնող զանգվածը այդ դառը ճշմարտությունների դեմ «փաստարկներ» ունի: Այստեղից են բխում (սովորաբար տրանսլիտով գրված) մեկնաբանությունները՝ «նա Քոչարյանի մարդն է», «նա Ռուսաստանի լրտես է»: Ինչ խոսք, հաճելի է գիտելիքների սեփական աղքատիկ պաշարով մեկ հարթության մեջ հայտնվել Սթենֆորդի պրոֆեսորի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր