211652_close_icon
views-count2004 դիտում article-date 18:14 22-10-2022

Վարչապետը Իրանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Իրանի արտգործնախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախարար,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում։

Նախ ուզում եմ և՛ ձեզ, և՛ մեզ շնորհավորել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման առիթով և ուրախ եմ նաև, որ այսպիսի պայմաններում իրականացվեց հյուպատոսության բացումը: Կարծում եմ` այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով։

Իհարկե, երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ հագեցած է, բայց կարծում եմ նաև, որ մենք այդ օրակարգը պետք է ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնենք։ Հասկանալիորեն հիմա շատ ենք կենտրոնացած և ստիպված ենք, ցավոք, ամենօրյա օպերատիվ խնդիրների լուծման վրա կենտրոնանալ, բայց, մյուս կողմից, համոզված եմ, որ այդ խնդիրների նկատմամբ մեր վերաբերմունքն ավելի պրակտիկ կլինի, եթե ամեն ինչին նայենք երկարաժամկետ կտրվածքով։ Ուրախ եմ, որ նախագահ Ռայիսիի հետ մեր խոսակցությունը կարծես ավելի ու ավելի հենց այսպիսի տրամաբանություն է ստանում։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ»:

Իրանի արտգործնախարարն իր խոսքում ասել է.

«Հանուն Աստծո, շատ շնորհակալ եմ։ Դուք շատ կարևոր հանգամանքների մասին նշեցիք։ Ձեր և պարոն Ռայիսիի հանդիպումը Նյու Յորքում իր մեջ պարունակում էր շատ կարևոր հարցեր, ինչպես նաև համաձայնեցումներ։ Թույլ տվեք փոխանցել իմ երկրի նախագահի ջերմ ողջույնները Ձեզ։ Պարոն Ռայիսին ինձ խնդրել է Ձեզ փոխանցել և ևս մեկ անգամ ընդգծել իր հրավերը Թեհրան այցելելու համար։

Մեծարգո պարոն Փաշինյան,

Մենք կարևորում ենք մեր հարևան պետությունների հետ հարաբերությունները` հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսական համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային միջավայրի շուրջ: Վարչապետը կարևորել է իրանական կողմի հստակ գնահատականները և ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր