211652_close_icon
views-count1320 դիտում article-date 12:08 04-11-2022

Հունաստանը չի ճանաչի նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ

Հունաստանը երբեք չի ճանաչի նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ։ Այսպիսի պնդմամբ հինգշաբթի Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հանդես է եկել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։ Սակելարոպուլուի խոսքերը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ իր ներկայությունը Կիեւում վկայում է այն մասին, որ Հունաստանն աջակցում է եւ համերաշխ է ուկրաինայի ժողովրդի հետ։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք անել սա այնքան, որքան կպահանջվի։ Մեր դիրքորոշումը հստակ է եւ անսասան. միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը ռազմական ուժի եւ բաժանման միակողմանի գործողությունների կիրառման միջոցով անթույլատրելի է»,- ասել է Սակելարոպուլուն։

Նախագահն ասել է, որ «չնայած տնտեսության վրա զգալի բացասական ազդեցությանը՝ Հունաստանն աջակցել եւ լիովին կատարում է բոլոր պատժամիջոցային փաթեթները, որոնք Ռուսաստանի դեմ մտցրել է Եվրամիությունը»։ «Մենք անվերապահորեն աջակցել ենք Եվրոպական խորհրդի որոշմանը՝ Ուկրաինային ԵՄ թեկնածու անդամի կարգավիճակ տալու մասին, հումանիտար օգնություն ենք ուղարկել, ինչպես նաեւ պաշտպանական տեխնիկա։ Մենք ունենք Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը, որը տրանսպորտային հանգույց է դաշնակիցների համար, որոնք ցանկանում են օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Եվ մենք անմիջապես արձագնքել ենք Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիների կարիքներին, որոնք ապաստան են փնտրել մեր երկրում»,- ասել է Սակելարոպուլուն։

Նմանատիպ նյութեր