211652_close_icon
views-count820 դիտում article-date 22:34 04-11-2022

Համայնքը նախաձեռնել է երեխաների ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների վերապատրաստում

Երևանում դեռ նախորդ տարի ներդրվեց սոցիալական պաշտպանության նոր համակարգ՝ քաղաքապետարանում ձևավորվեց երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն, վարչական շրջաններում էլ ստեղծվեցին համանուն բաժիններ, ներդրվեց ընդհանուր 93 հաստիք: Քաղաքն ունեցավ սոցիալական աշխատողներ:

Այսօր հենց նրանք են առաջինը ծանոթանում բնակիչների խնդիրներին, այցելում տներ, գնահատում կարիքները:

«Անցյալ տարի հատուկ ուսուցման արդյունքում ունեցանք 60 սոցիալական աշխատող՝ հավաստագրված, որոնք այսօր աշխատում են վարչական շրջաններում»,-ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Ամեն օր վարչական շրջաններ են դիմում տասնյակ բնակիչներ: Սոցիալական աշխատողները քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են:

Բարձրացվող խնդիրների մի զգալի մասն էլ կապված է երեխաների ու նրանց իրավունքների պաշտպանության հետ: Որպեսզի ոչ մի դեպքում երեխաները չտուժեն, համայնքը պետք է ունենա հմուտ ու պատրաստված մասնագետներ, որոնք լավագույնս կպաշտպանեն երեխաների շահերն ու անհրաժեշտության դեպքում կկայացնեն ճիշտ որոշումներ: Այդ նպատակով քաղաքապետարանը նախաձեռնել է մասնագիտական վերապատրաստում:

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությամբ ֆինանսավորվող «Վորլդ Վիժն» կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություն» ծրագրի աջակցությամբ: Վերապատրաստումները կազմակերպվել են «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» կողմից:

«Սոցպաշտպանության համակարգի աշխատողների համար քաղաքապետարանն անցկացրեց նեղ մասնագիտական վերապատրաստումներ՝ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունների, մասնավորապես երեխաների խնդիրների մասին: Ընդհանուր 80 աշխատակից է վերապատրաստվել»,-ընդգծում է Լուսինե Հովհաննիսյանը:

Օրենսդրությունից մինչև պայմանական իրավիճակներ ու լուծումներ. վերապատրաստումներն անցկացրել են ոլորտի առաջատար մասնագետները:

Երեխաների, կանանց ու սոցիալական տարբեր խմբերի խնդիրները քաղաքային իշխանության ամենօրյա դիտակետում են: Առաջիկայում կմշակվեն և կիրագործվեն ոլորտի բարեփոխումներին ուղղված նոր ծրագրեր:
 
 
Կից՝ տեսանյութի հղումը.
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/833046904407565
 
 

Նմանատիպ նյութեր