211652_close_icon
views-count352203 դիտում article-date 19:26 12-11-2022

Ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա կնոջ և նրա 2 անչափահաս երեխաներին սպանած կասկածյալին․ Վերջինս տեղեկացված է եղել սպանված ընտանիքի նիստուկացին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի որոշմամբ ստեղծված օպերատիվ խմբի ծառայողները՝ խմբի ղեկավար ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները` վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի և կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վաչության ծառայողները` վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական բազմակողմանի աշխատանքներ, համագործակցելով ՀՀ ԱԱԾ-ի, Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության, վարչության պետ  Կամո Ներսիսյանի ու նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների, բաժանմունքի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ  ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման  ենթարկել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 32-ամյա տղամարդու։

​Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղամարդը, ում ինքնությունն այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, կասկածվում է նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, սպանություն կատարող կասկածյալ տղամարդը բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է , որ ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։ Ու քանի որ նա բազմաթիվ անգամներ է սպանվածների տան մոտով անցել ու շունը երբևէ իր վրա չի հարձակվել, իրեն տեսնելիս չի հաչել, սպանության գիշերը առանց դիմակ՝ բաց երեսով, մտել է այդ տուն և փորձել է իր սև գործն անել (նախաքննության շահերից ելնելով, այդ մասին նույնպես այս պահին չենք հրապարակում)։

Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է։

Փաստերը բավականին զորեղ են ու կասկածյալը, ով ոստիկանությունից ներկայացվել է ՀՀ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում նաև կասկածյալի տանը, որպեսզի սպանվածների հարազատներն ու համագյուղացիները վրեժխնդիր չլինեն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր էին  ժամանել ԱԻՆ ՓԾ Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել էին տան դուռը  և հատակին հայտնաբերել 3 դի։

Երևանից ժամանել էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը և կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանն ու Արթիկի քննչական բաժնի պետը։

 Նույն քննչական վարչության պետ Ա. Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը, որտեղ արդեն ներգրավվել են քննչական բաժնի փորձառու քննիչներ, քննչական բաժնում էլ սպանություններ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն էին 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 









 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 467+
467+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր