211652_close_icon
views-count836 դիտում article-date 12:17 17-11-2022

Լեհաստանում միջադեպի մեղքն, ի վերջո, ընկնում է Ռուսաստանի վրա. ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդ

Միացյալ Նահանգները համաձայն է Լեհաստանի նախագահի գնահատականներին, որը հայտարարել էր, որ երկրի արեւելքում տեղի ունեցած պայթյունը, ամենայն հավանականությամբ, ուկրաինական ՀՕՊ ուժերի հրթիռի ընկնելու հետեւանք էր, բայց դա չի հանում Ռուսաստանի պատասխանատվությունը, որը հրթիռակոծում էր  Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը։ Այս մասին ասել է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ուոթսոնի խոսքով՝ ԱՄՆ-ը լիովին վստահում է այն հետաքննությանը, որն անցկացնում է Լեհաստանի կառավարությունը, եւ շնորհակալ է Վարշավային հետաքննությունը պրոֆեսիոնալ իրականացնելու համար։

«Մենք նրանց աշխատանքից առաջ չենք ընկնի եւ սերտ կապ կպահպանենք մեր լեհ գործընկերների հետ, քանի որ դեռեւս տեղեկություն ենք հավաքում։ Մենք ոչինչ չենք տեսել, ինչը կարող էր հակասել նախագահ Դուդայի նախնական գնահատականին այն մասին, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, ուկրաինական ՀՕՊ-ի հրթիռի ընկնելու հետեւանք է, որը, ցավոք, տեղի է ունեցել Լեհաստանում,- ասել է Ուոթսոնը։- Մենք կշարունակենք... փոխանակել ցանկացած նոր ստացվող տեղեկություն։ Մենք նաեւ կշարունակենք սերտ կապ պահպանել ուկրաինացիների հետ՝ ցանկացած տեղեկության հետ կապված, որը նրանք կունենան, որպեսզի ամբողջացնենք պատկերը»։

Այնուամենայնիվ, Ուոթսոնի խոսքով, ինչպիսին էլ որ լինեն վերջնական եզրահանգումները, «պարզ է, որ այս ողբերգական միջադեպի պատասխանատու կողմն ի վերջո Ռուսաստանն է, որը կենտրոնացված հրթիռակոծում էր Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը։ Ուկրաինան ուներ եւ ունի ինքնապաշտպանության իրավունք»։

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը համերաշխություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին եւ ցավակցություններ կորուստների հետ կապված, որոնք ուկրաինացիները կրել են այդ «բարբարոսական օդային հարվածների» հետեւանքով։

«Մենք գիտենք, որ (հրթիռակոծության) հետեւանքով միլիոնավոր ուկրաինացիներ զրկվել են լույսից, ջրից եւ առաջին անհրաժեշտության առարկաներից։ Մեր մտքերը եւ աղոթքներն ուղղված են ողբերգականորեն զոհված լեհ երկու քաղաքացիների մերձավորներին»,- ավելացրել է Ուոթսոնը։

Նմանատիպ նյութեր