211652_close_icon
views-count3173 դիտում article-date 10:43 15-12-2022

Քննիչը բռնվել է կաշառք վերցնելու պահին. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նրան չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար քաղաքացուց 2022 թվականի նոյեմբերի 1-ին պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ կաշառք: Տեղեկացնում է ԱԱԾ-ն։

Վերջինիս մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 ՀՀ դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:

Դեպքի առթիվ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2022 թվականի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որպես պահանջված կաշառքի մաս, Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 ՀՀ դրամ կաշառք գումարը:

Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր