211652_close_icon
views-count1204 դիտում article-date 14:15 18-12-2022

Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում. Փաշինյանը շնորհավորել է Կատարի Պետության ղեկավարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդուլազիզ Ալ Թանիին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։

Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, և մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում՝ քննարկելու հայ-կատարական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները և հեռանկարները:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը», - նշված է Կատարի Պետության էմիրին ուղղված ուղերձում:    

Կատարի Պետության վարչապետին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. 

«Ձերդ գերազանցություն,

Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց։

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը։ Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում հայ-կատարական կապերի և համագործակցության խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու ժողովուրդների։ 
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր