211652_close_icon
views-count23671 դիտում article-date 10:31 24-12-2022

Քեզ բացակա չենք դնի․ լեգենդ դարձած հերոս զոլաքարցի Հենրիկ Հարությունյան, ով չվախենալով թշնամու հրետանու և դիպուկահարների կրակոցներից, գիտակցաբար նետվել է մարտադաշտ՝ վիրավոր և զոհված ընեկերներին դուրս բերելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 15-ին լրացավ 2022 թվականի սեպտեմբերյան եռօրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող, նահատակված քաջարի մարտիկ Հենրիկ Հովիկի Հարությունյանի ծննդյան 20 ամյակը, որի կապակցությամբ Զոլաքարի գերեզմանատանը տեղի ունեցավ հիշատակի հարգման արարողություն։

Կրտսեր սերժանտ, կապավոր Հենրիկ Հարությունյանը ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։

Դպրոցում սովորել է գերազանց, սովորել Մարտունու պետական քոլեջում, որտեղ իր ձեռքբերումների և համեստության համար արժանացել հարգանքի:

Եղել է կուրսի ավագը: Կարմիր դիպլոմով ավարտելով քոլեջն՝ իր գիտելիքների շնորհիվ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրս:

Ընտանիքում նրան Գենա էին ասում։

2021 թվականի հուլիսի 11-ին Հենրիկը մեկնել է ծառայության։

Ցուցաբերած արժանիքների համար արժանացել է «Գաղտնիության 3-րդ կարգ», «Կապի գերազանցիկ» շքանշանների։

Վեց ամիս անց, ստանալով կրտսեր սերժանտի կոչում, տեղափոխվում է իր հիմնական զորամաս՝ որպես կապավոր:

Ֆիզկական ուժեղության, հարուստ գիտելիքների, բարձր մարդկային արժեքների ու նվիրվածության համար արժանանում է «Հայոց բանակի գերազանցիկ», «Մարտական հերթապահություն» շքանշանների։

Ապահովելով մշտական և անխափան կապ՝ դիրքերում և զորամասում հայտնի էր որպես Կապի Հենո:


ՀՀ ԶՈՒ կապի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, կապավոր, կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 2022 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանով՝ գեներալ-մայոր Է. Ասրյանի կողմից արժանանում է պատվոգրի։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների ժամանակ, երբ թշնամին լայնամասշտաբ հարձակում գործեց ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ Հենրիկն առաջին րոպեներից սկսեց մարտնչել ագրեսորի դեմ, և որպես կապավոր՝ մեծ պատասխանատվություն էր կրում:

Հենոն իր ընկերների հետ միասին ամբողջ ուժով պաշտպանում էր Իշխանասարի դիրքերը։

Նրա շնորհիվ՝ հակամարտության ողջ ընթացքում կապը եղել է անխափան:

Ազատագրելով բարձունքը, որն ապահովում էր Իշխանասարի գլխավոր ճանապարհը՝ շրջափակումից դուրս է բերել բազմաթիվ զինվորների:

Չվախենալով թշնամու հրետանու, դիպուկահարների և այլ զինատեսակների լայնամասշտաբ կրակից՝ գիտակցաբար նետվել է մարտադաշտ՝ վիրավոր և զոհված ընկերներին դուրս բերելու:

Կեսօրին, հայրը հեռախոսով կապվում է որդու հետ։

Հենրիկի շնչակտուր ձայնի հետ մեկտեղ լսվում են ցնծության աղաղակներ և Հենո անունն է վանկարկվում։

Հոր հարցին, թե ի՞նչ է պատահել, տղան պատասխանում է․ «Պա՛պ, եթե իմանաս, թե տղադ ինչ է արել՝ մինչև կյանքիդ վերջը կհպարտանաս»։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, վիրավոր ընկերոջը մարտադաշտից գրկած դուրս բերելիս, դիպուկահարի կրակոցից Հենոն անմահացավ, ընկավ հերոսաբար՝ փրկելով կյանքեր:

Մարտական հենակետը և բարձունքն անվանակոչվել է հերոս Կապի Հենո անունով:

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և համայնքապետարանի կոլեկտիվի ցավակցական ու սփոփանքի խոսքը հերոսի հարազատներին փոխանցեց համայնքի ղեկավարի օգնական Վ. Թամոյանը, ինչպես նաև իրենց մխիթարանքի խոսքով հանդես եկան ներկա գտնվող հարազատները և պաշտոնատար անձինք։

Հենրիկ Հարությունյանի 20 ամյակի արարողությանը ներկա էին՝ հոգևոր հայրեր, Մարտունի համայնքի ղեկավարի խորհրդականներ Հ․ Սիմոնյանը, Մ․ Սիմոնյանը, անմիջական հրամանատարական անձնակազմը, զինկոմիսարիատի աշխատակիցներ, Զոլաքար բնակավայրի վարչական աշխատողներ՝ Հ․ Մարգարյանի գլխավորությամբ, Մարտունու անձնագրային բաժնի պետ Ա․ Գալստյանը, համագյուղացի և աջակից Ս․ Բարոյանը, Զոլաքարի թիվ 1 դպրոցի կոլեկտիվի անդամներ՝ Ռ․ Մարգարյանի գլխավորությամբ, Զոլաքարի թիվ 2 դպրոցի զինղեկ Ա․ Ղազարյանն՝ իր տիկնոջ հետ միասին, Մարտունու տարածաշրջանային պետական քոլեջի ներկայացուցիչներ՝ Վ․ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև գյուղի ուսուցիչներ, ընկերներ և համագյուղացիներ։

Հենրիկի ծնողներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում արարողության բոլոր մասնակիցներին, վիշտը թեթևացնողներին, նաև շիրմաքարի կառուցմանը մեծ աջակցություն ցուցաբերած Սամվել Բարոյանին և Ներքին Գետաշենի քարի արտադրամասի վարպետներ Ռոմիկին ու Նարեկին։

-Փա՛ռք քեզ, հավե՛րժ զինվոր․․․
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր