211652_close_icon
views-count88811 դիտում article-date 15:48 08-01-2023

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են հայտնի ռեժիսորի Hyundai-ն ու նախկին ԲՀԿ-ական պատգամավորի BMW X7-ը, Hyundai-ը գլխիվայր շրջվել է, ռեժիսորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68-ամյա Հարություն Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վաղարշակ Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Խաչատրյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից  տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Hyundai-ը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սեդրակյանն ու Արմեն Հովհաննիսյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ. Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից հիվանդանոց տեղափոխված Հ. Խաչատրյանը հայտնի ու ճանաչված մտավորական, ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր է, իսկ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանի անվամբ։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+

Նմանատիպ նյութեր