211652_close_icon
views-count1037 դիտում article-date 21:03 13-01-2023

ՀՀ դեսպանը Իսպանիայի Կոնգրեսի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ընդգծել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը

Հունվարի 12-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:

Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանն իր երախտագիտությունն է հայտնել 2022թ. հոկտեմբերին և դեկտեմբերին համապատասխանաբար Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ Կոնգրեսի ընդունած հայտարարությունների առնչությամբ։

Հաջորդիվ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկ ամիս շարունակ արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները, ընդգծել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեության օր առաջ վերականգնման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր