211652_close_icon
views-count841 դիտում article-date 19:29 26-01-2023

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցանքների քննության թեմաներով վերապատրաստմանը

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից («ԹՊԻՀ», «INL») շարունակական աշխատանքներ են տարվում կառույցի հետ գործընկերային հարաբերությունների խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով: Հիշյալ համագործակցության առանցքային ուղղություններից է Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը:

Այդ շրջանակում հունվարի 24-ին կազմակերպվել էր փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցանքների քննությանը, ինչպես նաև քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին վերաբերող վերապատրաստում, որի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի մրցութային հանձնաժողովի անդամ, միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն  Կոմիտեի քննիչներին կոնկրետ գործերի օրինակներով ներկայացրել է միջազգային լավագույն փորձը: 

Ողջունելով վերապատրաստման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը նշել է, որ նման վերապատրաստումները լավ հնարավորություն են՝ ամրապնդելու նորաստեղծ Կոմիտեի ներուժը, այդ թվում՝ նոր գիտելիքների ձեռքբերման և լավագույն փորձի փոխանակման շնորհիվ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կադրային բարձր պատրաստվածությունը նորաստեղծ կառույցի առաջնահերթություններից է, Մ. Բաբայանը համոզմունք է հայտնել, որ նման դասընթացները լավագույնս կանդրադառնան Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման վրա: 

Կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ որպես մեր երկրում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը կազմակերպող և իրականացնող մարմին, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները նույնպես համոզմունք են հայտնել, որ հիշյալ վերապատրաստումներն ու կոմիտեի հետ տարվող համագործակցային սերտ աշխատանքները կնպաստեն կառույցի գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր