211652_close_icon
views-count765 դիտում article-date 11:42 07-02-2023

Ադրբեջանի վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում. Արցախի ԱԳՆ-ն դիմում է միջազգային հանրությանը

Ադրբեջանը, Արցախը շրջափակելուց ի վեր, փետրվարի 6-ին արդեն 6-րդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ օրով, հունվարի 21-ին՝ 4 օրով և հունվարի 28-ին՝ մեկ օրով՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը և հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ադրբեջանի գործողությունների պատճառով Հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։ Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։

Ադրբեջանի՝ նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։ Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների։

Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը՝ պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը։ Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև՝ ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»,- նշված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր