211652_close_icon
views-count27113 դիտում article-date 21:32 08-02-2023

Ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, ծովակցի Արշակ Սահակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, հերոս ծովակցի Արշակ Սահակյանի ծննդյան օրն է։

Այսօր հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համագյուղացիներն ու հերոսածին մայրեր այցելել են նրա շիրիմին, ծաղիկներ խոնարհել ու կատարել խնկարկում։ 

***

Ավելի վաղ Վարդենիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել էինք, որ մայիսի 4-ին համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ համայնքապետարանի ղեկավար կազմը ներկա էր գտնվել Ծովակ գյուղի բնակիչ՝ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արշակ Մերուժանի Սահակյանի անմար հիշատակին նվիրված գրքի՝ «Ծով աչքերով Արշակը», շնորհանդեսին:

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն իր խոսքում նշել էր. «Գեղարքունյաց աշխարհում՝ լեռների փեշին ծվարած գողտրիկ Ծովակում՝ մանկավարժների ընտանիքում, 2001թ-ի փետրվարի 8-ին լսվեց արու զավակի ճիչ, որի լինելիությամբ տունը առավել փթթեց, ծաղկեց, լցվեց երջանկությամբ: Ծնվեց սպասված մինուճար որդին՝ մեր Արշակը…. Ստացավ մանկավարժ պապի, հոր, մոր հայեցի դաստիարակությունը, ձեռք բերեց գյուղի դպրոցի բանիմաց ուսուցիչների կողմից հաղորդված գիտելիքները, իսկ ընկերական միջավայրում նրան սիրեցին, հարգեցին… Ծով աչքերով ծովակցի Արշակի հետ գյուղի գրեթե բոլոր բնակիչները հույսեր էին կապել, քանի որ նրա խրոխտ հայացքում ապրում էր ուժեղ ոգի, կամք, հավատամք՝ իր հայրենիքի նկատմամբ մեծ պարտավորություն…

Բարձր գնահատականներով դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել էր մայրաքաղաք Երևանի բժշկական քոլեջում. Ուխտել էր, որ հայ հանրությանը պիտի օգտակար լինի….

Հայ քաջազուն Արշակը, դառնալով երանելի պատանի, լի՝ երիտասարդական ավյունով, նպատակներով, ուժով, կորովով, 2019 թ-ի հուլիսի 21- ին զորակոչվել էր Հայոց բանակ: Ծառայել էր ամենայն պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ: Սակայն 2020թ-ի աշնանը սկսվել էր անողոք, ջահել կյանքեր արմատախիլ անող պատերազմը, պատերազմը չէր խնայել նաև մեր Արշակի կյանքը…

Նա առյուծաձև Մհերի պես կռիվ էր տվել Արցախի Հանրապետության Մարտունի 3-րդում, Վարանդայում, Հադրութում, Ջրականում և բազմաթիվ կյանքեր փրկել՝ մատուցելով բժշկական ծառայություններ… Ուժերը հատել էին. Կոհակ լեռան ստորոտի հենակետերից մեկում բիրտ, վայրագ թշնամին նրան մեզնից խլեց: Մեզ լեռներ շարժող հավատ և ոգեղենություն տու՛ր, հայի Աստված…ո՛չ թե արդարությունդ, այլ՝ ողորմությունդ…

Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի Արցախ աշխարհի համար մատաղ կյանքդ զոհած ի'մ եղբայր: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի….»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր