211652_close_icon
views-count955 դիտում article-date 23:17 13-02-2023

Միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացի խնդիրները

Կայացել է էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները համատեղ համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նիստը նախագահել է նախարար Գրիգոր Մինասյանը, ներկա են եղել փոխնախարարներ Արա Մկրտչյանը, Լևոն Բալյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Նոտարական պալատի, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում Գրիգոր Մինասյանի առաջարկով քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացում առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Նշվում է, որ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների գործառույթների թվայնացմանն առնչվող խնդիրները, քննարկման առարկա են դարձվել Արդարադատության նախարարության ներգրավվածության սահմաններում իրականացվող նախագծերը: Անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ողջ շղթայի թվայնացման և ներդաշնակեցման կարևորությանը, ժամանակակից ստանդարտներով սերվերային տնտեսության ստեղծմանը, նոտարական համակարգում սպասվելիք այլ բարեփոխումներին, ինչպես նաև օրակարգային ամենածավալուն հարցին՝ դատարանների թվայնացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

«Նիստի արդյունավետությունն ընդգծվել է բարձրացված խնդիրների մասով լուծման հստակ ուղիների մատնանշմամբ և համապատասխան հանձնարարականների տրմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին Գրիգոր Մինասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և, առաջարկելով ընդլայնել շահառուների ցանկը, ընդգծել աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր