211652_close_icon
views-count919 դիտում article-date 10:23 14-02-2023

10 օրից ավելի է՝ օմբուդսմեն չկա, ու Ազգային ժողովը, կարծես թե, չի կարևորում այդ հարցը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դուք գիտե՞ք, որ Հայաստանում գոյություն ունի Հանրային խորհուրդ, որն, ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի, կառավարության խորհրդակացական մարմինն է: Եթե մեր երկրում լինեին հեղինակավոր փորձագետներ եւ հասարակական գործիչներ, ապա այդ մարմինը կարող էր որոշակի դրական դեր խաղալ մեր հասարակական կյանքում: Բայց քանի որ բոլոր պոտենցիալ հեղինակություններին ֆեյսբուքյան «կարմիր բրիգադները» կարող են մեկ րոպեում «փչացնել» եւ գետնին հավասարեցնել, հեղինակություններ իրականում չկան, իսկ Հանրային խորհրդի մասին վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ ոք ոչ մի բան չի լսել:

Նույն Սահմանադրության մեջ կա մի ամբողջ գլուխ՝ 10-րդը, որը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանին: Ի տարբերություն Հանրային խորհրդի՝ նշված ինստիտուտը գոյություն ուներ ոչ միայն թղթի վրա, եւ այդ առումով պետք է արժանին մատուցել դրա բոլոր 5 ղեկավարներին: Բայց այս պահին ստեղծվել է մտահոգիչ վիճակ. արդեն 10 օրից ավելի է՝ օմբուդսմեն չկա, ու Ազգային ժողովը, կարծես թե, չի կարեւորում այդ հարցը:

Ինչի՞ համար է պետք Մարդու իրավունքների պաշտպանը: Օրինակ, այն դեպքի համար, երբ ոստիկանության Էրեբունու բաժնում, ըստ լուրերի, բռնություն է կիրառվում սկզբից անչափահասների, ապա՝ փաստաբանների նկատմամբ: Ի դեպ, այդ «քաղմասն» ունի ծեծուջարդի «հարուստ ավանդույթներ». մասնավորապես, 2003-2004 թվականին այնտեղ յուրահատուկ «ծառայողական պարտականություններ» էին կիրառվում ընդդիմության ակտիվիստների հանդեպ: Անցյալում հասարակական հատվածն իրավամբ խարազանում էր, ասենք, «սերժաբարո մենթերին», մինչդեռ այժմ չկա դատափետելու նախկին խանդավառությունը: Բայց պետական անկախ մարմինը, ինչպիսին է օմբուդսմենի գրասենյակը, այստեղ հաստատ անելիք ունի: Կարծում եմ նաեւ՝ «Համմերի» մասով պետք է ապահովվեն հակաօրինական գործողություններ կատարած անձի իրավունքները, ինչպես նաեւ բացատրվի հանրությանը, որ «դիմահար կրակ բացելը» խնդրի լուծում չէ:

Երբ Փաշինյանը ստեղծում էր «ՔՊ»-ն, նա հաճախ էր օգտագործում «ինստիտուցիոնալ» ածականը: Եվ ինստիտուցիոնալ փոփոխություններն իսկապես մեր պետության կարեւորագույն խնդիրն են: Բայց, գալով իշխանության, նա չկարողացավ կամ չցանկացավ բարեփոխել, զարգացնել եղած ինստիտուտները եւ ստեղծել նորերը: Մնացին հիմնականում հին, փտած կառույցները, որտեղ եկան վարչապետին եւ նրա թիմին հավատարիմ մարդիկ, որոնք անում այն, ինչն անում էին «նախկինները»: Այս համակարգում հնարավոր չէ այլ բան անել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր