211652_close_icon
views-count25821 դիտում article-date 21:05 16-02-2023

Երևանում 42-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վարորդը բժիշկների հետ վիրավորին ուղեկցել է հիվանդանոց, օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Գագիկ Տ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փիրումյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ռիբոկի» դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 63-ամյա Վազգեն Ք․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այնուհետև դեպքի մասին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն։

Օպերատիվորեն հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում, ապա դեպքի վայրում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու պարեկ Ռաֆայել Կիզիրյանը։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր