211652_close_icon
views-count1345 դիտում article-date 13:41 23-02-2023

Որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված եկամտային հարկը. ՊԵԿ պարզաբանումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։

Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե  ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:

2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։

2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով (160-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ):

Նմանատիպ նյութեր