211652_close_icon
views-count34136 դիտում article-date 15:42 01-03-2023

Ոստիկանությունը բերման է ենթարկել Լեռնապար վարչական շրջանի ղեկավարին, նա կասկածվում է թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, Ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ, Ոստիկանության Արագածի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ոստիկանության Արագածի բաժին են բերման ենթարկել Լեռնապար բնակավայրի բնակիչ 55-ամյա Վաչիկ Պողոսյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հիմնավոր կասկածներ են ուղեցել, որ նա իր մոտ պահում է թմրանյութ և օգտագործում։ Եվ այդ կասկածանքով էլ Լեռնապար գյուղում կանգնեցրել են նրան, ով եղել է Mercedes ML մակնիշի 01 HH 004 համարանիշի ավտոմեքենայով։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա՝ Լեռնապար բնակավայրի տան հետնամասի խորդանոցում հայտնաբերվել է 17․27 գրամ մանրացված, չորացված և յուրահատուկ հոտով կանեփանման զանգված, 4 հատ կաթոցիչներ, 1 հատ գլանակ և 6 հատ կանեփի սերմնահատիկներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչիկ Պողոսյանը Լեռնապար բնակավայրի վարչական ղեկավարն է։ Եվ նրան ու կազմված փաստաթղթերը Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, Mercedes-ն էլ տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր