211652_close_icon
views-count1090 դիտում article-date 13:12 10-03-2023

ԱՄՆ հետախուզական ծառայություններն արձանագրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի զավթումը

Ադրբեջանը 2022 թ. սեպտեմբերին համակարգված հարձակման միջոցով զավթել է Հայաստանի տարածքի մի մասը: Երկու երկրների հարաբերություներն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված: Այս մասին նշված է  ԱՄՆ հետախուզական ծառայության 2023 թ.-ի ամենամյա զեկույցում: Գրում է «Արմենպրեսը»։

Գլոբալ սպառնալիքների գնահատման շուրջ փաստաթուղթը հրապարակվել է մարտի 9-ին, երբ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, Պաշտպանության հետախուզական գործակալության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները հանդես են եկել Կոնգրեսի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջև:

«Խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի մոտիկությունը, հրադադարի ռեժիմը գործի դնելու մեխանիզմի բացակայությունը և Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար ռազմական ճնշում գործադրելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը», - ընդգծվում է զեկույցում:

ԱՄՆ հետախուզության զեկույցում նշվում է, որ սահմանազատված սահմանին մոտ զինված ուժերի առկայությունը մեծացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, «թեև նման բախումներն, ամենայն հավանականությամբ, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2021 թ. մայիսից միջպետական ​​սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։

«Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ զավթելով հայկական տարածքի մի մասը, որի հետևանքով զոհվեց գրեթե 300 զինծառայող», - գրված է փաստաթղթում։

ԱՄՆ հետախուզական ծառայությունները նշում են, որ խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պետական ​​սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված ամենաբարդ հարցերը «հեռու են լուծվելուց»:

Նմանատիպ նյութեր