211652_close_icon
views-count1624 դիտում article-date 14:17 14-03-2023

2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը, բայց որքան առաջ ենք գնում, ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ. Փաշինյան

Շատ հաճախ մեր հանրային հարթակներում որպես ահազանգ ներկայացվում է, թե ահա, հասեք, ՀՀ կառավարությունը պատրաստվում է  ինչ-որ թուղթ ստորագրել. ես ուզում եմ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 2-3 օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դա նշանակում է, որ բանակցային գործընթացներում ունեցել ենք առաջընթաց եւ հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ,  բայց որը այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարատեւ խաղաղություն, կայունություն եւ զարգացում:

«Կա՞ արդյոք փաստաթուղթ. դուք գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադրբեջանին եւ 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծին վերաբերյալ:

Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում. որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց որքան առաջընթաց ենք տեսնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ: Առաջինը, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման, հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել: Դա մեզ համար կարմիր գիծ է:

Հաջորդը, մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում  ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում Հայաստանի ստորագրությամբ: Դա բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար:

Հաջորդը, մենք տեսնում ենք նաեւ, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետեւ մենք այսօր ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է: Այդ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք էէ փակ չլիներ, բայց այն փակ է: Սա ավելի է ընդգծում, որ որեւէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային: Այդ ամենը բացակա է»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, վարչապետն ասաց. «Մենք ասել ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարեւոր է, մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետեւյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը: Մենք կարծում ենք, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների ու երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Որովհետեւ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ կա պայմանավորվածություն, որ պետք է քննարկվի Ղարաբաղի հայերի իրավունքների ու երաշխիքների հարցը: Դրանից հետո տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ում խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանը առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Խնդիրը բառամթերքը չի, բովանդակությունն է եւ դրանք շարունակաբար չպահելու Ադրբեձջանի գործելակերպն է:

Իսկ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շրջանակը, մեծ հաշվով,  ԼՂ-ի ժողովուրդն ու կառավարությունը իրենք պետք է որոշեն»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր