211652_close_icon
views-count4008 դիտում article-date 19:04 02-04-2023

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշում է ապրիլի 2-ին:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ներկաներին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո:

Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

Ծաղկազարդի տոնի առիթով Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց Պատարագ, որը տեղի ունեցավ այսօր ՝ ապրիլի 2-ին, ժամը 11։00-ին։ Պատարագի ավարտին կատարվեց Մանուկների օրհնության կարգ։ Սրբազան արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Ծաղկազարդին նվիրված գեղարվեստական միջոցառում` «Շողակաթ» կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ։

Հեղինակ` Գեղեցիկ Բալեյան

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր