211652_close_icon
views-count772 դիտում article-date 16:32 03-04-2023

Եռակողմ հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից. Միրզոյան

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայում հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «2023-24թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը»: Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի մարում՝ նվիրված ռումինահայ հայտնի բժիշկ Անա Ասլանին:

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում նախարար Միրզոյանը նշել է.

«Հարգելի պարոն նախարար,

Հարգելի գործընկերներ,

Նախ, կցանկանայի շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ նախարար Բոգդան Աուրեսկուին, ջերմ ընդունելության և օգտակար քննարկումների համար: 

Այսօր մենք հնարավորություն ունեցանք քննարկել Հայաաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ: Մենք ստորագրեցինք երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2023-2024թթ. համատեղ գործողությունների ծրագիրը: Շարունակելով այն ուղին, որ մեր երկրներն անցել են անկախացումից ի վեր՝ մենք հայտնեցինք երկկողմ օրակարգն առավել ամրապնդելու մեր հստակ պատրաստակամությունը: Իրավապայմանագրային բազայի հետագա ընդլայնումը, հաճախակի քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև մշակութային և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացումն, անշուշտ, կծառայեն այդ նպատակին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք քայլեր ձեռնարկել նաև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի ամբողջական ներուժն իրացնելու ուղղությամբ:   

Հարկ է նշել, որ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները ձևավորվել են նաև հայ և ռումինացի ժողովուրդների դարավոր կապերի միջոցով: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Ռումինիայում հայերի կարևոր դերն ու ներդրումը և մեր երախտագիտությունը հայտնել Ռումինիայի իշխանություններին հայկական համայնքի և նրա մշակութային ու կրոնական ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Դրա վառ օրինկաներից է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը:

Հարգելի մասնակիցներ,

Անցնելով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին մեր ընդլայնվող համագործակցության մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Մենք նաև մտքեր փոխանակեցինք Արևելյան գործընկերության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մեր փոխգործակցության շուրջ:   

Կցանկանայի ընդգծել, որ 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում: Նշեմ, որ մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում: 

Հարգելի գործընկերներ,

Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման՝ պետք է նշեմ, որ մենք անդրադարձանք Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Ես ներկայացրի գործընկերոջս այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են և Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ:  

Միջազգային կառույցների թիրախային կոչերի և պահաջների շարքում հարկ է ընդգծել Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը: Դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Պետք է նշեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձինք և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև տեղում համակարգված ագրեսիվ գործողություններ իրականացնել և օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քմ:

Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման։ Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և չնայած բոլոր դժվարություններին մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ։

Հարգելի պարոն նախարար,

Եվս մեկ անգամ շնորհակալություն այսօրվա անկեղծ զրույցի համար։ Ես իրապես շահագրգռված եմ շարունակել մեր երկխոսությունը՝ նոր լիցք հաղորդելու մեր երկու երկրների հարաբերությունների օրակարգի ընդլայնմանը։

Եվ, ամփոփելով, հարգելի Բոգդան, ես հրավիրում եմ Ձեզ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Երևան»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր