211652_close_icon
views-count820 դիտում article-date 15:51 05-06-2023

ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ավելի լավ է որևէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիտիմացնի խոսույթը՝ իբր սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ը մշտապես հայտարարել է, որ իրենց կողմից ամեն ինչ պատրաստ է ՀՀ առաքելություն ուղարկելու համար, սակայն հայկական կողմը նախապայման է դնում ագրեսիայի փաստի արձանագրումը։ Ինչո՞ւ է երեք տարիների ընթացքում առաջին անգամ որոշվել նախապայման կիրառել ոչ թե թշնամիների, այլ բարեկամ ուժերի ու երկրների նկատմամբ, եթե որոշել եք նախապայմաններով խոսել, ինչո՞ւ այդ նախապայմանները նույնանման կերպով չեն վերաբերում Թուրքիա-Հայաստան հարաբերություններին։ Այս մասին ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։


Հարցին ի պատասխան՝ Միրզոյանը պատասխանեց․

«Մենք առիթ ունեցել ենք շատ հստակ ներկայացնելու մեր դիրքորոշումը, այն ինչ դուք ասացիք, մենք հաճախ լսում ենք նաև մեր այլ գործընկերներից, թե մենք նախապայման ենք առաջադրում այդ որոշման ընդունման համար և այլն։ Նախապայման չկա, նախագծի որոշման մեջ կա այսպիսի մի բան․ սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան արածքը խախտվել է, սահմանը խախտվել է, ըստ այդմ կարիք կա ուղարկել մոնիտորինգային առաքելություն։ Սա մեր պատկերացմամբ պետք է լինի այն ռազմաքաղական դաշինքի նվազագույն արձագանքը, որի անդամ ենք մենք։ Մեր գործընկերների կողմից մինչև այս պահը նման պնդում անելը հնարավոր չի եղել։

Չֆիքսելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է սեպտեմբերյան ագրեսայի ժամանակ, ստացվում է, որ լեգիտիմացվում է ադրբեջանական խոսույթը։

Մեր դաշնակիցներն ավելի լավ է որևէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիմիմացնի խոսույթը այն մասին, որ եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին և ասել, թե ով ում տարածք է մտել»։

Նմանատիպ նյութեր