211652_close_icon
views-count964 դիտում article-date 12:11 13-04-2023

Մեզ չհաջողվեց սահմանապահների տեղակայումն իրագործել առանց սրացումների, Ադրբեջանի գործողությունները շարունակում են սադրիչ մնալ․ Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերին՝ ցավոք չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեցին, որի արդյունքում 4 զինծառայող զոհվեց՝ անձնվիրաբար կատարելով զինվորական պարտքը և պաշտպանելով ՀՀ ինքնիշխան տարածքը։ Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնում, կարծում եմ հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին։ Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու առումով»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ նշված հատվածում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022թ-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարություններին։

«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարևոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թ-ի սահմանագիծը, խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ-ի միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991թ-ի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահանի։ Այդ սահմանագիծը պետք է հարգվի, դա արձանագրվել է ԵՄ հայտարարության մեջ։ Դրանով ընդգծվել է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումն ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադբեջան 1991թ-ի սահմանային գծի ողջ երկայնքով։ Այս մասով մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021-ից, նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը։ Ադրբեջանն ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը, այդպես է գերիների ազատ արձակման հարցում, հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022թ-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում»,- ասաց կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային խնդիրները, ԼՂ հիմնախնդիրը, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությանը։

Նմանատիպ նյութեր