211652_close_icon
views-count853 դիտում article-date 11:20 22-04-2023

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ իսլամական սուրբ տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ իսլամական Ֆեթր տոնի առթիվ:

Վարչապետի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Շնորհավորանքիս ջերմ խոսքերն եմ հղում Ձեզ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ինքնամաքրման և ծոմապահության ավարտը խորհրդանշող Ֆեթր տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս լուսավոր տոնի խորհուրդը հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի անբաժան ուղեկիցը լինի:    

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր ներկայանալով որպես քրիստոնեության և իսլամի արդյունավետ երկխոսության վառ օրինակ, առաջիկայում կնվաճեն նոր հորիզոններ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հանուն տարածաշրջանային կայունության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն։        

Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ իսլամական սուրբ տոնի՝ Ֆեթրի կապակցությամբ: Թող այս տոնի բարեբերությունն ու օրհնությունները մշտապես ուղեկցեն հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին:      

Հազարամյակների հարուստ պատմության վրա խարսխված և անշեղորեն զարգացող մեր երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար այսօր առկա են բոլոր նախադրյալները: Լիահույս եմ, որ քաղաքական կամքի և կայուն փոխգործակցության շնորհիվ ականատեսը կլինենք մեր երկու երկրների համագործակցության ընդլայնման՝ հանուն հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային անվտանգության:  

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր