211652_close_icon
views-count1840 դիտում article-date 11:48 22-04-2023

Կատարված խախտումների վերաբերյալ Շիրակում պարեկները կազմել են 63 639 արձանագրություն, Լոռիում` 52259․ տարվա ամփոփում

Արդեն մեկ տարի Շիրակում և Լոռիում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում են պարեկային ծառայության մարզային գումարտակների աշխատակիցները: Ոստիկանության կրթահամալիրում ուսումնառությունն անցնելուց զատ` իրենց մարզերում ծառայության անցնելուց առաջ պարեկներն աշխատանքային պրակտիկա են անցնում մայրաքաղաքի փորձառու գործընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ անփորձության հետևանք թերություններից:

Մարզերի պարեկները նույնպես ոչ միայն ապահովում են հասարակական կարգը, կարգավորում ճանապարհային երթևեկությունը, այլև պայքարում են հանցագործությունների դեմ, հայտնաբերում հետախուզվողների: Նրանց արագ ու գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտվում են հանցագործություններ, բռնվում օրինազանցներ ու հետախուզվողներ, կանխվում են վեճ ու կռիվներ: Պարեկների ծառայության դրվագները գրեթե ամեն օր լուսաբանվում են մեր հաղորդումներում: Սակայն այսօր խոսենք թվերով:

Շիրակի և Լոռու պարեկներն, իրենց հիմնական գործառույթներից զատ, անցած մեկ տարում բացահայտել են համապատասխանաբար` կաշառքի՝ 4 և 3, գողության՝ 3 և 7, կողոպուտի՝ 3 և 2, խուլիգանության՝ 14 և 8, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3 և 2, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7 և 3, ավտոառևանգման՝ 3 և 1 դեպք: 2023 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի, և այդ հարցում լուրջ ներդրում ունեն նաև պարեկները: Շիրակում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության՝ 87, Լոռիում` 18 դեպք: Շիրակում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 12, Լոռիում`19 դեպք: Շիրակում ապօրինի փայտանյութի 8 դեպք է հայտնաբերվել է, Լոռիում արձանագրվել է ապօրինի ծառահատման 92 դեպք: Երկու մարզերում էլ պարեկների ջանքերի շնորհիվ բացահայտվել ու կանխվել են այլ հանցագործություններ ևս:

Ինչ վերաբերում է բուն պարտականություններին` թվերն այսպիսին են:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Շիրակում կազմվել է 63 639 արձանագրություն, Լոռիում` 52259: Այդ ընթացքում Շիրակում ոչ սթափ վիճակում մեքենա է վարել՝ 980, Լոռիում` 851 անձ: Շիրակում առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա է վարել՝ 3089, Լոռիում`2595 քաղաքացի: Շիրակում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել՝ 3570, Լոռիում` 2556 տրանսպորտային միջոց:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր