211652_close_icon
views-count71644 դիտում article-date 18:52 23-04-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Մաստարայում Nissan Juke-ը գլխիվայր շրջվել է. կա 4 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Շիրակի և Արագածոտնի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, Nissan Juke​ մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ hանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել ​են մի մասը Թալինի, մյուսները՝ Գյումրու բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Անդրանիկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Հարոյանը:

Տեղում օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր վիրավոներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ​ քաղաքացիների ու պարեկների օգնությամբ վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան: Տեղում պարզվել է, որ վթարը Արագածոտնի մարզի տարածքում է, ինչի համար օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազարյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են  կատարել նույն վաշտի պարեկներ Արա Պողոսյանն ու Սմբատ Հակոբյանը։

Օպերատիվորեն ​ ժամանել են նաև ոստիկանւթյան Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր