211652_close_icon
views-count787 դիտում article-date 14:24 28-04-2023

ԵԽԽՎ-ն ցեղասպանություն է ճանաչել ուկրաինացի երեխաների բռնի տեղահանումն ու ռուսիֆիկացումը

ԵԽԽՎ-ն պահանջում է Ուկրաինա վերադարձնել Ռուսաստան կամ Ռուսաստանի ժամանակավորապես զավթած տարածքներ բռնի տեղահանված ուկրաինացի բոլոր երեխաներին և պատժել այդ հանցագործությունների մեղավորներին բոլոր մակարդակներում։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև՝ «Ուկրաինացի երեխաների և այլ քաղաքացիական անձանց Ռուսաստանի Դաշնություն կամ Ուկրաինայի ժամանակավորապես զավթված այլ տարածքներ բռնի տեղահանումների մասին. նրանց վերադարձի անվտանգ պայմանների ստեղծում, այդ հանցագործությունների դադարեցում և մեղավորների պատժում» անվանմամբ։

Բանաձևում նշվել է, որ ուկրաինացի երեխաների տեղահանումը «ակնհայտորեն նախատեսվել և կազմակերպվել է որպես պետական քաղաքականություն», և որ դրա նպատակը «Ուկրաինայի հետ բոլոր կապերը և ուկրաինական ինքնության բոլոր գծերը» վերացնելն է։

ԵԽԽՎ-ի մամուլի համար արված հայտարարությունում հատկապես ընդգծվել է, որ ուկրաինացի երեխաների տեղահանման փաստագրական վկայությունները համապատասխանում են ցեղասպանություն միջազգային սահմանմանը։

«Երեխաների բռնի տեղահանումը մի խմբից մյուսը՝ ազգային, էթնիկ, ցեղային կամ կրոնական խումբը լիովին կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ, համարվում է ցեղասպանության հանցագործություն՝ 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 2-ի (е) կետի համապատասխան, ինչը համընկնում է ուկրաինացի երեխաների Ռուսաստանի Դաշնություն կամ ռուսական օկուպացիայի մեջ ժամանակավորապես գտնվող տարածք բռնի տեղահանման փաստագրված ապացույցների հետ»,- նշվել է ընդունված բանաձևում։

ԵԽԽՎ-ի թվիթերյան հաղորդագրությունում ներկայացված են տեղահանված երեխաների մասին թվեր, հղում է կատարվել Ուկրաինայի կառավարությանը։ 2023թ. ապրիլի կեսին Ուկրաինայի կառավարությունը տեղեկացրել էր, որ ավելի քան 19 384 ուկրաինացի երեխա բռնի տեղահանվել է Ռուսաստան, իսկ հազարավորների ճակատագիրը մինչ այժմ մնում է անորոշ։

Նմանատիպ նյութեր