211652_close_icon
views-count754 դիտում article-date 14:51 30-04-2023

Ֆիլիպինների նախագահն ուղեւորվել է ԱՄՆ՝ Չինաստանի հետ հարաբերությունների լարման ֆոնին

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսը կիրակի ուղեւորվել է ԱՄՆ, քանի որ փորձում է ամրապնդել կապերը Վաշինգտոնի հետ՝ Չինաստանի հետ վիճելի Հարավչինական ծովում հարաբերությունների լարման ֆոնին, տեղեկացրել է AFP-ն։

Մարկոսի այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Պեկինին կոչ է արել դադարեցնել «սադրիչ եւ ոչ անվտանգ վարքը» վիճելի ջրային տարածքում ֆիլիպինյան ափամերձ պահպանության նավի հետ վերջերս տեղի ունեցած բախումից հետո։

Մարկոսը քառօրյա այցը կսկսի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երկուշաբթի Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից, որը Ֆիլիպինների նախագահն անվանել է «անհրաժեշտ մեր ազգային շահերի եւ այս շատ կարեւոր դաշինքի ամրացման տեսանկյունից»։

«Մենք կհաստատենք մեր հավատարմությունն  այս դաշինքին որպես խաղաղության եւ զարգացման կատալիզատորի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Մարկոսն ուղեւորվելուց առաջ։

Այցի նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը քննադատել էր Չինաստանին մեկ շաբաթ առաջվա դեպքի համար, երբ քիչ էր մնացել, որ բախում տեղի ունենար ֆիլիպինյան պարեկանավի հետ։

«Մենք Պեկինին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իր սադրիչ եւ ոչ անվտանգ պահվածքից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «ցանկացած հարձակում Ֆիլիպինների զինված ուժերի դեմ առաջ կբերի ԱՄՆ պատասխանը»։

Բայդենն աշխատում է ամրապնդել հարաբերություններն ասիական դաշնակիցների հետ, քանի որ ամերիկա-չինական հարաբերությունները մնում են պատմականորեն սառը, իսկ կարեւոր ծովային ուղիներին եւ Թայվանին Ֆիլիպինների մոտ գտնվելը նրան հատուկ ռազմավարական նշանակություն է տալիս։

Նմանատիպ նյութեր