211652_close_icon
views-count844 դիտում article-date 20:05 02-05-2023

Թագուհի Թովմասյանը Բրյուսելում գործընկերներին ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանն առնչվող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերի, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարի` քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովի  հետ:

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարեւորագույն հարցեր:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով 120.000 հայ փաստացի գտնվում է պատանդի կարգավիճակում, զրկված է կյանքի, ազատ տեղաշարժի, առողջության, կրթության իրավունքներից, որոնք երաշխավորված են միջազգային մի շարք կոնվենցիաներով եւ փաստաթղթերով: Նա նշել է, որ այդ իրավիճակում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը դարձել է հրատապ անհրաժեշտություն, որը հնարավորություն կտա փրկել շրջափակման մեջ հայտնված 120.000 մարդու կյանք:

Իր խոսքում, ի թիվս այլ անվտանգային հարցերի, պատգամավորը հիշատակել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին, որոնց հետեւանքով Սոթքի 800 աշխատակից 1 շաբաթից ավելի հարկադիր պարապուրդի մեջ է հայտնվել:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին` իր խոսքում մատնանշելով մարդկանց` շարունակ խախտվող իրավունքները:

Հանդիպումների մասնակիցները շոշափել են բոլոր կարեւորագույն թեմաները, որոնց մասով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիմը պարբերաբար զեկույցներ է պատրաստում, ուղարկում միջազգային բոլոր գործընկերներին:

 

Նմանատիպ նյութեր