211652_close_icon
views-count706 դիտում article-date 16:59 11-05-2023

Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել  Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին և մայիսի երկրորդ կեսին  Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի պատվիրակության՝ Երևան այցին:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը:

Խոսելով Վրաստանի հայկական համայնքից՝ Կախա Կախիշվիլին նշել է, որ խորհրդարանում ներկայացնում է հայությամբ խիտ բնակեցված շրջանը և ծանոթ լինելով հայ համայնքին հուզող հարցերին՝ խորհրդարանական գործունեության շեշտը դնում է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու բազմոլորտ համագործակցության զարգացման վրա: Նա կարևորել է տնտեսական, մշակութային շփումները՝ նշելով, որ բարիդրացիական ամուր կապերը խթանելու և զարգացնելու առաքելություն է վերագրված հայ և վրացի պաշտոնյաներին:

Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի կարեւորությունը՝ արձանագրելով, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է:

Նմանատիպ նյութեր