211652_close_icon
views-count679 դիտում article-date 09:59 12-05-2023

Բրյուսելը հակադարձում է Բաքվին. համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում

Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին` Եվրամիությունը վերահաստատում է` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:

«Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել` պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - «Ազատությանը» հայտնել է Միշելի խոսնակը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։

«Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել», - ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Նմանատիպ նյութեր