211652_close_icon
views-count1054 դիտում article-date 23:33 22-05-2023

Արցախի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է. Արտակ Բեգլարյան

Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները

Որոշ նկատառումներ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միտումների և Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին հայտարարության՝ Արցախին առնչվող հատվածների վերաբերյալ:

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ Նախագահի, Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի ու արտաքին գործերի նախարարության մակարդակներով: Անընդունելի է, քանի որ՝
1.1. Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրություն, իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային դաշնագրեր, Հելսինկյան եզրափակիչ ակտ և այլն) 1991թ.-ին իրացրել է իր ինքնորոշման անօտարելի իրավունքը (որն, ի դեպ, jus cogens (պարտադիր) նորմ է համարվում միջազգային իրավունքում), իսկ հետագա տարիներին՝ պաշտպանել այն և ապացուցել ինքնիշխանության սեփական կամքն ու կարողությունը:

1.2. Թեև Արցախի Հանրապետությունը լրիվությամբ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, սակայն նրա անկախության փաստն ընդունվել է որպես իրողություն, իսկ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվել է որպես վիճելի ու հակամարտային տարածքի կարգավիճակ:

1.3. Արցախի կարգավիճակի ու ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է, մնացած մեծ ու փոքր դերակատարները ունեն իրավունք միայն իրենց դիրքորոշումները հնչեցնելու, բայց ոչ՝ Արցախի ժողովրդի փոխարեն որոշելու կամ Արցախը առևտրի օբյեկտ դարձնելու:

1.4. Ուստի, այս անցած ճանապարհը և Արցախի բնիկ ու տիտղոսակիր ժողովրդի իրավունքներն ու գոյաբանական լրջագույն վտանգները անտեսելը պարզապես միջազգային հանցագործություն է:

Ադրբեջանական հերթական ծուղակներից ու կեղծ փաստարկներից մեկը խորհրդային սահմանների ինքնաշխատ շարունակականության թեզն է, որի հիման վրա են ծավալվել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերջին շրջանի գործընթացները: Ինչո՞ւ է այդ փաստարկն անհիմն ու կեղծ, որովհետև՝
2.1. ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris (նախկին ներքին սահմանների շարունակականության)  միջազգային իրավական սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև այդ սկզբունքը ինքնաշխատ կերպով գործող սկզբունք չէ և մեծ վերապահումներով կիրառվել է միայն Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ փոխհամաձայնության առկայությամբ: Այդ սկզբունքի բացառման լավ օրինակներից մեկը Կոսովոն է, քանի որ Հարավսլավիայի փլուզման դեպքում էլ նախկին անդամ երկրների սահմանների հստակեցման հարցում առաջնային սկզբունքը «անջատում հանուն փրկության» սկզբունքն էր՝ անքակտելիորեն հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

2.2. Նույնիսկ Ադրբեջանն է բարձրագույն մակարդակով մերժել խորհրդային սահմանների շարունակականությունը, երբ այդ երկրի Գերագույն խորհրդի կողմից 1991թ. ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Այս փաստը կարևոր է ընդգծել ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է uti possidetis juris սկզբունքի կիրառումը, այլև՝ նախախորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն՝ Ազգերի Լիգայի կողմից համարվել է որպես վիճելի տարածք, ընդ որում՝ նախկին ԼՂԻՄ-ի հետ համեմատած շատ ավելի ընդարձակ տարածքներով և Հայաստանի հետ ընդհանուր սահմանով:

2.3. Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ: Ուստի, ծայրահեղ դեպքում Հայաստանի Հանրապետության համար սա նույնպես հնարավորություն է ինչ-որ ձևով համատեղելու խորհրդային սահմանների շարունակականությունը Արցախի արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ: Սակայն դրա համար անհրաժեշտ պայմանն այն է, որ Հայաստանը որևէ կերպ չփորձի էլ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և չփակի Արցախի ինքնորոշման պայքարին սատարելու հնարավորությունն ու պարտավորությունը:

Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները՝ պայմանավորված ոչ միայն հանրահայտ միջազգային իրավական հիմքերով, այլև՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես՝
3.1. Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը հստակորեն ճանաչում է Արցախը որպես ՀՀ մաս՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Թեև հետագայում ընտրվեց Արցախի անկախության ճանապարհը՝ շեղվելով ՀՀ Անկախության հռչակագրի տվյալ դրույթից, սակայն նույնիսկ այդ շեղման պայմաններում միանշանակորեն բացառվում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իրավական հնարավորությունը: Ուստի, լինելով ՀՀ Սահմանադրության հիմնաքարը՝ Անկախության հռչակագիրը ամուր իրավական հիմք է հակասահմանադրական և ի սկզբանե առոչինչ ճանաչելու ՀՀ կողմից ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր, որը կարող է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս:

3.2. Վկայակոչվող 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագիրը, նախ, հղում է անում նաև ինքնորոշման իրավունքի վրա, և, երկրորդ, պարզապես հռչակագիր է, որը բխել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթղթից՝ 1991թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագրից: Ահա այս համաձայնագիրն է վավերացրել ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ. փետրվարի 18-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հստակ վերապահումներով, որոնցով՝

5-րդ հոդվածը լրացվել է «ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը» բառակապակցությամբ՝ վավերացնելով հետևյալ տարբերակով. «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։
10-րդ կետում նշված է. «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:
3.3. 1992թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդն ընդունել է որոշում, որի 2-րդ կետով ամրագրվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

3.4. Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր հիմնադիր փաստաթղթով՝ Անկախության հռչակագրով հստակորեն ու անշրջելիորեն բացառել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հնարավորություն, իսկ Գերագույն խորհրդի՝ օրենքի ուժ ունեցող որոշումներով ամրագրել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը և ստեղծել իրավական հիմք ԱՊՀ-ին Արցախի անդամակցության հնարավորության համար, ինչպես նաև ուղիղ կերպով անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի նշմամբ ցանկացած փաստաթուղթ: Ուրեմն, Հայաստանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ երբեք Արցախի ներառմամբ կամ 86,600 կմ2 տարածքով: Այդ առումով խիստ անընդունելի ու մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ոչ իրավական հիմնավորումներին, ապա հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը Հայոց պետականության ու Հայ ազգի անվտանգության, միջազգային հարաբերությունների, ինքնության և այլ ոլորտներում՝ շատերի համար նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչու է անթույլատրելի ու անընդունելի Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն: Այս ուղղության մանրամասներին կանդրադառնամ այլ հրապարակումներով:
Հ.Գ. Իսկ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին Միշելի երկչոտ ու անհիմն հորդորներին ու արտահայտություններին անդրադառնալու դեպքում, նրա կողմից ադրբեջանական թեզերի կիրառման պատճառով, ստիպված եմ նրան կոչել «նախկին Հարավային Նիդերլանդների բնակչության նախկին ընտրված ներկայացուցիչ»: Իսկ ահա Հայաստանի Հանրապետության համար Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը չեն կարող շրջանցել ինքնորոշման իրավունքը, որն այս պարագայում առանցքն է մնացած իրավունքների և նույնիսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության ճարտարապետության»,- գրել է նա: 

Նմանատիպ նյութեր