211652_close_icon
views-count96857 դիտում article-date 22:00 24-05-2023

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է Ապարանում հրազենի ​ գործադրմամբ ​ աղմկահարույց սպանությունների կասկածանքով հետախուզվողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր` մայիսի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ​ Երևանում իրականացրել են փայլուն և գրագետ օպերացիա, ինչի արդյունքում հայտնաբերվել ու վնասվազերծվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվող:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Ա.Ա.-ի մասին, և նրա ենթադրյալ տեղաշարժը մի քանի ժամ Մաշտոցի ոստիկանության քրեական հետախույզները վերցրել են իրենց հսկողության տակ ու արդեն մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում՝ հատուկ օպերացիայի շնորհիվ, վնասազերծում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխում են ոստիկանության Ապարանի բաժին, քանի որ 2022թ-ի նոյեմբերից նա հրազենի գործադրմամբ, ​ առանձնապես ծանր սպանություն կատարելու կասկածանքով գտնվել է հետախուզման մեջ:

Քրեական գործը հարուցված է եղել Հայաստանի քննչական կոմիտեի​ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ ՔՐ.ՕՐ.-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Ա.Ա.-ն հետախուզվում էր 2022թ-ի հունիսի 19-ին Արագածոտնի մարզում աղմկահարույց կրակոցների և սպանությունների փաստով: ​ Կրակոցներն ու սպանությունները տեղի էին ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  ֆոտոլրագրողը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից պարզվել էր 2022թ․ հունիսի 19-ին Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի ու կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված մահացածի ու վիրավորների ինքնությունը։ Հիվանդանոց էին տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Վերջիններս Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել էին մի մասը՝ Երևանի «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Ժամեր անց «Արմենիա» ԲԿ-ից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տ. Հարությունյանը , գիտակցության չգալով, մահացել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր