211652_close_icon
views-count60361 դիտում article-date 10:34 02-06-2023

Կրակոցներ Լոռու մարզում․ Վանաձորում տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է, լինգն էլ նետել է պարեկների ուղղությամբ ու դիմել փախուստի․ նրան վնասազերծելու համար պարեկը նախազգուշական մի քանի կրակոց է արձակել

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է  ստանում, որ վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկը մեկնում է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատում է մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։

Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցում է գետնին ու դիմում փախուստի։ 

Պարեկները հետապնդում են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակում է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտում է պարեկների ուղղությամբ։ Վերջիններս շարունակելով հետապնդումը, ասում են նրան, որ դադարեցնի փախուստը և կանգնի, ընթացքում մի քանի անգամ պարեկներից մեկը հայտարարում է՝ «կանգնիր, թե չէ՝ կկրակեմ»։

Տեսնելով, որ այդ բառերն էլ չի զգաստացնում փախուստի դիմած քաղաքացուն, պարեկներից մեկը իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակում դեպի օդ։

Հետո պարեկները նկատում են, որ տղամարդը ձեռքը տանում է դեպի գրպանը, ինչի պատճառով կասկած է առաջանում, որ նրա մոտ, հնարավոր է՝ հրազեն լինի։ Եվ կրկին նրան ներկայացնում են օրինական պահանջ՝ «կանգնիր» և ևս 1 նախազգուշական կրակոց արձակում դեպի օդ։

Այդ քաղաքացին այդ պահին էլ չի ենթարկվում պարեկների «կանգնիր» պահանջին, փախնում և մտնում է մոտակայքում կայանված ավտոմեքենայի տակ։

Պարեկները շրջափակում են այդ ավտոմեքենան և տղամարդուն հորդորում են, որպեսզի դուրս գա ավտոմեքենայի տակից։ 

Պարեկներից մեկը նրան հայտնում է, որ եթե նա այս անգամ էլ չենթարկվի իրենց օրինական «կանգնիր» պահանջին, ապա կրակոցն արձակելու են նրա ոտքերի ուղղությամբ։

Կարճ ժամանակ անց պարեկներին օգնության են հասնում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Արդեն տեղում, Ոստիկանության ծառայողների գալուց հետո  այդ տղամարդը ավտոմեքենայի տակից ոստիկանների ու պարեկների ուղղությամբ է նետում դանակի նմանվող առարկա և մի քանի անգամ հայտնում է՝ «հանձնվում եմ» և դուրս է գալիս մեքենայի տակից։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներն ու պարեկները նրան տեղափոխում են Ոստիկանության Բազումի բաժին։ Պարզվում է, որ նա Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Պ․ Թունյանն է։ Վերջինս Ոստիկանության Բազումի բաժնից ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են թե որ տներից է Պ․ Թունյանը գողություններ կատարել, որպեսզի նրանց հրավիրեն բաժին, ճանաչեն գողացված ապրանքները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր