211652_close_icon
views-count706 դիտում article-date 14:08 07-06-2023

ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում

ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը:

«Առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստության», - ասել է Ռիտերը:

Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում: Ամեն շաբաթ պարեկներն ավելի քան 3800 կմ են անցնում:

«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ներդրում ունենալ սահմանամերձ շրջաններում անվտանգության կայունացման գործում։ Եվ, ըստ շատ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն իրավիճակը դեռ անկայուն է», - հավելել է Ռիտերը։

Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ կենտրոն և կապի գրասենյակ Երևանում:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:

Նմանատիպ նյութեր