211652_close_icon
views-count907 դիտում article-date 16:58 08-06-2023

«Իրենք ձևականորեն անունը դրել են ապօրինի գույք, որ շոուն ապահովեն․ 8,2 միլիարդի մասին խոսք լինել չի կարող»․ Վաչագան Ղազարյանի փաստաբան․ Aravot.am

«Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթը, որ իրականացվում է, լրիվ ապօրինի վարույթ է․ ոչ մի ժողովրդավարական պետության չափանիշների մեջ դա չի տեղավորվում»,- Aravot.am-ի հետ զրույցում վրդովված ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Մհեր Հակոբյանը։

Հիշեցնենք՝ համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4–ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5–ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5–ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 007.193.880 ՀՀ դրամ, 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 780.000 ՀՀ դրամ, 216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 743.409.007 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ընդհանուր՝ 8.225.599.616 ՀՀ դրամ»:

Մհեր Հակոբյանը տեղեկացրեց, որ այսօր կայացած ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի, Ռուզաննա Բեգլարյանի, Մհեր Վաչագանի Ղազարյանի, Արև Վաչագանի Ղազարյանի, Արամ Աշոտի Դանիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստի ժամանակ (նախագահող դատավոր Ա․ Ղարսլյան) միջնորդություն են ներկայացրել, որ դատարանը հայցային վաղեմություն կիրառի նշված պահանջների նկատմամբ։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին։

Մհեր Հակոբյանն ասաց, որ իր վստահորդի դիրքորոշումը չի փոխվել, հավաստիացրեց՝ ամբողջ դատավարությունը հօգուտ իր վստահորդի է․ «Անունը դրել են ապօրինի գույք։ Դրա տակ ի՞նչ է մտնում, երեք տեսակի գույք՝ հանցագործությամբ ձեռք բերված գույք, գույք, որի հիմքերը չես կարողանում ներկայացնել, դա կարող է սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով լինել և գույք, որը ներկայացնում ես, որ ձեռք ես բերել օրինական կարգով, բայց դատախազությունն ասում է՝ դա արժանահավատ չէ։ Նախ` բոլոր վարույթներով հանցագործությամբ ձեռք բերված գույքի մասին խոսք չկա։ Մնում են այն մյուս երկու հիմքերը։ Իրենք երեսուն տարի առաջ ձեռք բերած գույքի հիմքերն են ուզում, բայց ցանկացած մարդ էլ՝ կապ չունի՝ նախկինում պաշտոնյա է եղել, թե՝ ոչ, պարզ է, հնարավոր է, որ պահած չլինի այդ հիմքերը։ Իրենք ձևականորեն անունը դրել են ապօրինի գույք, որ շոուն ապահովեն, որ իբր ապօրինի գույք ենք հետ բերում, բայց իրականում դա ամբողջությամբ ուղղված է մարդու օրինական գույքի դեմ»։

Մեր հարցին՝ շուրջ 8,2 միլիարդ դրամի գույքն ամբողջությամբ օրինակա՞ն է, փաստաբանը պատասխանեց․ «Այդ գույքը ո՞նց է ձևավորվել։ Օրինակ՝ մարդը վարկ է վերցրել, բնակարան գնել, հետո այդ վարկը մարել, ասում են՝ դու այդքան գումար չունեիր այդ վարկը մարելու համար, դրա համար քո այդ ձեռքբերումն էլ է ապօրինի։ Աբսուրդ է։ Անձը երեսուն տարվա մեջ ինչքան գույք առել-ծախել է, դրանք բոլորը գումարում են իրար, որ արհեստական շոու ապահովեն, որ իբր թալան ենք հետ բերում։ 8,2 միլիարդի մասին խոսք լինել չի կարող։ Ես էլ, դուք էլ մեր կյանքում ինչ-որ գործարքներ ենք արել, որոնց թղթերը չենք պահպանել։ Ու ստացվում է, որ մենք ապօրինի գույք ունենք, ուղղակի մեր բախտը նրանով է բերում, որ ոչ մի պաշտոնատար անձի հետ կապված չենք։ Իրենք, որ վկայակոչում են, այդ ամբողջ վարույթի իմաստը նա է, որ եթե մարդ կանոնավոր կերպով հանցագործություններ է կատարել, եղել է համակարգային կոռուպցիայի մեջ, ինչ-որ քրեական գործով ասվում է, որ այդ մարդը համակարգային կոռուպցիայի մեջ է եղել, կամ, օրինակ, կազմակերպված հանցավորության անդամ է եղել, ունի մի գույք, որն ակնհայտորեն չի համապատասխանում իր եկամուտներին, այդ գույքի մասին է խոսքը։ Ողջ միջազգային փորձը դրան է ուղղված, որ եթե կան ինչ-որ հանցագործություններ, դրանց հետ փոխկապակցված գույք, որ դրանք բռնագրավվեն։ 90-ականներին ՀՀ-ում դրսից ուղարկվող տրանսֆերտներով էին ապրում, ստացվում է, որ ազգի ճնշող մեծամասնությունն ապօրինի գույք ունի՞։ Ուղղակի նրանց բախտը բերել է՝ պաշտոնատար անձ չունեն իրենց ընտանիքում, իրենք դուրս են մնում։ Աբսուրդի ժանրից է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր