211652_close_icon
views-count901 դիտում article-date 11:47 16-06-2023

ԱՄՆ կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ կանցկացվեն

ՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:

Հանձնաժողովը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է:

Հաղորդագրությունում նշվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7 ամիս, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռազմական անցակետի բացման միջոցով, իսկ դա դեմ է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրի դրույթներին:

«Մի շարք միջազգային ջանքեր են իրականացվում՝ մեղմելու նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է պահանջվում՝ պատշաճ կերպով պաշտպանելու էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել», - նշված է հաղորդագրությունում:

Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը նաև հավելում է, որ հունիսի 21-ին նախատեսված լսումների ընթացքում պետք է քննարկվեն խոցելի էթնիկ բնակչությանը շրջափակման և բանակցությունների ընթացքում պաշտպանելու համար անհրաժեշտ ջանքերը, ինչպես նաև պետք է հանձնարարականներ առաջարկվեն այս հարցում ԱՄՆ քաղաքականության համար:

Նմանատիպ նյութեր