211652_close_icon
views-count54385 դիտում article-date 12:59 20-06-2023

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ Եղիպատրուշում մորեխներն ու ծղրիդները գրոհել են ողջ գյուղը, փչացնելով գյուղացու բերքն ու բարիքը, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչները, իրենց հիմնական բան ու գործը թողած՝ պայքարում են հսկայական մորեխների ու ծղրիդների դեմ։ 

Երեկ՝ հունիսի 19-ին, ֆոտոլրագորղի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Քանի օր է՝ մորեխներն ու ծղրիդները գրոհել են գյուղի ողջ ցանքատարածությունները, այգիները, վնասելով բնությունը, սակայն պատկան մարմիններից ոչ մի դրական պատասխան չենք ստանում, թե սրա դեմը ոնց կարող ենք առնել։ 

Գյուղապետարանը ինչ-որ լուծույթ է տվել, ու մարդիկ փչում են։ Բայց դա հարցի լուծում չի։ Պետք է այդ չարիքի դեմ առնել։ Ասում են՝ դեղը փչեք ողջ ճանապարհներին ու քարերին, բայց չեն մտածում, որ դա նաև իր վտանգներն ունի։

Անասունը, որը էդ խոտը, որի վրա դեղ է փչված, կերավ, սատկելու է։ Էլ չենք ասում, որ երեխաներն էլ կարող են թունավորվել։ 

Տարիներ առաջ էլի նմանատիպ խնդիր էր եղել թրթուրների հետ կապված։ Բայց այդ ժամանակ գյուղնախարարը Դավիթ Լոքյանն էր։ Մի հատ ահազանգեցինք գյուղնախարարության թեժ գիծ, Լոքյանն անձամբ կազմակերպեց՝ վերտալյոտով, ու ինքն էլ մեջը, վերևից ամբողջ գյուղն ու հարակից դաշտերը հատուկ թունաքիմիկատներով փչեցին։ Ու խնդիրը ժամերի ընթացքում լուծվեց։

Հիմա էս կառավարությունը գյուղնախարարության իզն ու թոզը վերացրեց։ Չգիտենք՝ ում դիմենք։ Ողջ գյուղը վարկերի տակ ճռռում է։ Բայց էս մորեխներն ու ծղրիդները բերքի հերն անիծում են։ Բա ո՞վ է փոխհատուցելու մեր էդ վնասները։ Պիտի բերքն աշնանը հավաքեինք, վաճառեինք ու բանկերում մեր վարերը փակեինք։ Իսկ հիմա Կառավարության քար անտարբերության պատճառով հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Մի հատ չեն ասում՝ գնանք, էդ մարդկանցով հետաքրքրվենք։ Սովետական տարիներին մենակ մի քանի անգամ գյուղ է այցելել երջանկահիշատակ մեր Կարեն Սերոբիչը (նկատի ունեն ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին), բայց հիմա ղեկավարներն ավելի  շատ զբաղված են իրենց թափանները լցնելով, իրենք իրենց պարգևավճարներ տալով, ջհանդա՛մ, թե գյուղացին չի տուժի։ 

Եթե հրատապ ձևով խնդիրը չլուծվի՝ էս մորեխներն ու ծղրիդները, որ շատ արագ են բազմանում, հասնելու են կողքի գյուղեր։ Էնպես որ՝ հարգելի կառավարություն՝ եկե՛ք, քարերը փեշերիցդ թափեք ու խնդիրը լուծեք, որ գյուղացու բերքը չփչանա, դուք էլ ձեր սեղաններին դնելու բան ունենաք»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր