211652_close_icon
views-count1075 դիտում article-date 12:21 27-06-2023

«Զոհված օդաչուների խիզախությունը փրկեց Ռուսաստանը»․ Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է «Վագներ»-ի ապստամբության ժամանակ ռազմական օդաչուների մահը։ Նախկինում նրանց մահվան մասին պաշտոնական հաստատում չկար։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Զոհված օդաչուների խիզախությունը փրկեց Ռուսաստանը», - ասել է Պուտինն իր ուղերձում՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ ինչպես։ 

Ռուսաստանի նախագահի խոսքով, «Վագներ»-ի վարձկաններին փորձել են օգտագործել՝ տեղյակ չպահելով բուն նպատակների մասին:

Միաժամանակ, Պուտինը շնորհակալություն է հայտնել վագներականներին, ովքեր «միակ ճիշտ որոշումն են կայացրել» և «կանգ առել եզրագծին»։ Նա առաջարկել է պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ հարազատների մոտ կամ գնալ Բելառուս։

Պուտինը ռուսաստանցիներին շնորհակալություն է հայտնել «Վագներ»-ի ապստամբության համատեքստում միասնության համար:

Ռուսաստանի նախագահի ելույթը երեկ երեկոյան տևել է մոտ 5 րոպե, ինչից հետո հեռուստատեսությամբ ցուցադրվել է մոտ կեսրոպեանոց հատված ուժային կառույցների ղեկավարների՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի և այլոց հետ նրա հանդիպումից։

Պուտինը շնորհակալություն է հայտնել ներկաներին վերջին մի քանի օրերի ընթացքում կատարված աշխատանքի համար և նշել, որ քննարկելու են իրավիճակն ու խոսելու են գերատեսչությունների առջև ծառացած խնդիրների մասին՝ «կատարվածի վերլուծության հիման վրա»։

Նմանատիպ նյութեր