211652_close_icon
views-count1147 դիտում article-date 19:58 27-06-2023

«Արցախը բնաջնջման եզրին է. Ֆրանսիան խոսքից պետք է անցնի գործի»․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հանդես է եկել «Արցախը բնաջնջման եզրին է. Ֆրանսիան խոսքից պետք է անցնի գործի» խորագրով հաղորդագրությամբ, հայտնում է «Արցախպրես»-ը։

Հաղորդագրությունը՝ ստորև․

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը էլ ավելի ողբերգական ընթացք ունեցավ հունիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, երբ Բաքվի ռեժիմն արգելապատնեշ տեղադրեց՝ փակելով դեպի Հայաստան տանող ճանապարհը։

Անամոթաբար ձգտելով միջազգային հանրությունից թաքցնել իր իրական մտադրությունները՝ Ադրբեջանը հունիսի 25-ին տեղափոխեց այս պատնեշը՝ սակայն կրկին թույլ չտալով ազատ տեղաշարժը հայկական երկու պետությունների միջև: Այդ պահից ի վեր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՌԴ խաղաղապահ ուժերի շարասյուները, որոնք սուղ պաշարներ էին մատակարարում արցախցիներին, արգելվեցին: Այսինքն մի իրավիճակ, ինչը վկայում է, որ Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում երկրի 120 000 բնակիչներին։ 

Բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Ֆրանսիան ունի բոլոր միջոցները նախաձեռնել միակողմանի պատժամիջոցներ ադրբեջանական ռեժիմի դեմ՝ այս գործում ներգրավելով նաև Եվրամիությանը: ֆրանսիական դատարանները վերջերս ստացել են համընդհանուր իրավասություն և փաստորեն ունեն իրավազորություն՝ հետապնդել բռնապետ Իլհամ Ալիևին և նրա կամակատարներին։

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շեշտում է, որ Ռուսաստանի ներկայիս թուլացումը, ինչն արտացոլվում է Արցախում ընթացող զարգացումներում, պետք է մեծացնի Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի և հատկապես Ֆրանսիայի գործողությունների հնարավորությունները»։

Ի լրումն՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին հայտարարել է․ «Այն, ինչ կատարվում է Արցախում՝ նրա բնակիչների սովամահ անելը, որպես էթնիկ զտումների նախերգանք, միջազգային սկանդալ է։ Ֆրանսիան այլևս չի կարող բավարարվել բառերով: Ֆրանսիայի կառավարության անգործությունն այս հարցում ավելի քան անհասկանալի է, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները, ինչպես նաև ողջ քաղաքական դասը պահանջում են գործել։ Արցախցիների դեմ Ադրբեջանի ոճրագործությունը չպետք է վերածվի «Արևելյան ճեպընթացում» տեղի ունեցած հանցագործության, որին, թեկուզ իրենց անգործությամբ, մասնակից կդառնան միջազգային հանրության բոլոր խոշոր անդամները»։

 

Նմանատիպ նյութեր