211652_close_icon
views-count64397 դիտում article-date 16:35 28-06-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Nisan X-Trail-ն ու Mercedes Vito-ն․ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝  հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհին, Ափնա գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Nisan X-Trail ու Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, մասամբ առվակի մեջ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Հայկ Արշակյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկ Էրիկ Հարությունյանն ու Սլավիկ Ուռուսյանը սահմանազատել են տարծքը և ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետարքրքրասեր վարորդները ավտոմեքնաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել նաև «Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Փանոսյանի և Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Դ․ Փանոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր