211652_close_icon
views-count54037 դիտում article-date 09:40 05-07-2023

Ողբերգական դեպք Լոռու մարզում գործող Արջուտի լեռնահարստացման կոմբինատում․ 39-ամյա աշխատակցի դին հորից դուրս են բերել հանքավայրի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի «հարստացուցիչ հանքավայրի» տարածքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Սպիտակի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ազարյանը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։

Պարզվել է, որ ժամը 02։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Հարություն Է․-ն նշված կոմբինատում՝ հորում (բունկեր) հողային աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը լցվել է վրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր