211652_close_icon
views-count985 դիտում article-date 18:08 06-07-2023

Բարձր ենք գնահատում արևմտյան գործընկերների ջանքերը Հվ. Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում. Սոնա Ղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 6-ին պատգամավորը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովում:

«Հարգելի' գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի խորհրդարանին այս վեհաժողովը լավ կազմակերպելու համար:

Հարգելի՛ ներկաներ, ինչպես գիտեք, Հայաստանն անցնում է մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության ամենամեծ սպառնալիքներին։ 2021 թվականից Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անօրինական օկուպացրել է մեր ինքնիշխան տարածքի զգալի մասը:

Մենք բարձր ենք գնահատում մեր արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

Այս համատեքստում կարևոր է ընդգծել Եվրոպական խորհրդի որոշումը՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին՝ նպաստելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:

Ցավոք, Ադրբեջանը դեմ է անգամ այս քաղաքացիական առաքելությանը:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հանգամանքի` Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վրա: Շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի հայերն ապրում են լիակատար պաշարման պայմաններում: Շուրջ 30 հազար երեխա զրկված է լիարժեք կրթության իրավունքից:

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով` գործընթացում չեզոք միջազգային ներգրավվածությամբ և խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմի ներդրմամբ:

Մեր այցից մի քանի օր առաջ, ադրբեջանական զինուժը կրկին հրետանային և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի դիրքերը` սպանելով 4 զինվորի:

Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն ու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է իրականացնում:

Մենք իսկապես հավատում ենք, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը, խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է հիմնվի խաղաղ և ներդաշնակ ապրելու համար:

Շնորհակալություն»,- ասել է Սոնա Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր